Գիտնականները հաշվել են, թե շաբաթական քանի ժամ կարելի է աշխատել
Ավստրալացի գիտնականները պարզել են, թե շաբաթական քանի ժամ մարդը կարող է աշխատել՝ առանց առողջությունը վնասելու, փոխանցում է Informing–ը։
Պարզվում է՝ 39 ժամն այն առավելագույն քանակն է, որի դեպքում աշխատանքը առողջությունը չի վնասի։ Իսկ այդ մակարդակը գերազանցելն անվտանգ չէ աշխատողի ոչ ֆիզիկական, ոչ հոգեկան առողջության համար։
Նման եզրակացության են հանգել ավելի քան 8000 մարդու մասնակցությամբ հետազոտության արդյունքներով։
Հեղինակները կտրականապես համաձայն չեն այն տեսակետին, որ երկար ու լարված աշխատողները հասնում են առավելագույն արդյունքների։ Փորձագետների տեղեկություններով, աշխատանքի արտադրողականությունն արդյունավետ է միայն այն ժամանակ, եթե աշխատողը հնարավորություն ունի աշխատանքից հետո վերականգնել իր ուժերը։
Աշխատանքային ժամերին ուժեղ ծանրաբեռնվածությունը կարող է հոգեբանական ու ֆիզիկական հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ, քանի որ այդ դեպքում մարդը հիգիենայի ու սննդամթերքի հարցերին ավելի քիչ ուշադրություն կհատկացնի։
Պետք է ասել, որ փորձագետները իրենց հետազոտության մեջ տարբերակել են աշխատողների ծանրաբեռնվածությունը նաեւ ըստ տնային գործերում նրանց զբաղվածության աստիճանի։
Մասնավորապես մասնագետները նշում են, որ կանայք, որոնք որպես կանոն նաեւ տան գործերով են զբաղվում, պետք է ավելի քիչ՝ շաբաթական 34 ժամ աշխատեն։