Մեղրիի սահմանային անցակետը կարդիականացվի եւ կընդլայնվի
Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման եւ ընդլայնման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջեւ ստորագրվել են, ընդհանուր՝ 21 146 263 եվրո արժեքով «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրերը: Համաձայնագրերը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը եւ ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն:
Համաձայնագրերի ստորագրման արարողությանը ներկա են եղել նաեւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՎԶԵԲ-ի քաղաքականության եւ գործընկերության հարցերով փոխնախագահ Պիեռ Հեյլբրոն, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը, ՎԶԵԲ-ի Կովկասի, Մոլդովայի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության հարցերով տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բջորլին Հանսենը, ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենի տեղակալ, փոխնախագահի խորհրդական Սեւի Սիմավին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սերանոն եւ այլք:
Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման եւ ընդլայնման ընդհանուր ծրագրի շրջանակներում կեսից ավելին կամ 10 520 000 եւ 700 000 եվրո գումարի չափով ֆինանսավորվելու է դրամաշնորհային միջոցներից, որը Հայաստանին կտրամադրի Եվրոպական միությունը Եվրոպական հարեւանության գործիքի ներքո:

















































