Կոռուպցիան արմատախիլ ենք անելու ՀՀ-ում. կասկածողները կճաշակեն այդ կասկածների ամենադառը պտուղները. Փաշինյան
Բավրայի մաքսատանը անցած գիշեր բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք, որում ներգրավված են մաքսային ծառայության մի շարք աշխատողներ: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Այդ աշխատակիցներն աջակցել են առանց մաքսային ձեւակերպման ապրանքներ ներկրելուն, առանց որեւէ մաքսային ձեւակերպման, այսինքն մեքենաներն անցել են մաքսային սահմանով:
Այստեղ իմ ռեակցիան նորից նույնն է՝ զարմանում եմ այդ մարդկանց տրամաբանության վրա, տպավորություն է՝ հեռուստացույց չեն դիտում, սոցցանցերին ու լուրերին ընդհանրապես չեն հետեւում: Եթե որեւէ մեկին թվում է, որ այստեղ հրապարակային տեսախցիկների առաջ մի բան խոսում ենք, աշխատասենյակներում ուրիշ բան անում, այդ մարդիկ ուղղակի չարաչար սխալվում են: Մենք անխուսափելիորեն կոռուպցիան արմատախիլ ենք անելու Հայաստանից»,-ասաց նա՝ ընդգծելով, թե իրենց այս կամքին չպետք է որեւէ մեկը չկասկածի։
«Բոլոր նրանք, ովքեր կկասկածեն, կարծում եմ, կճաշակեն այդ կասկածների ամենադառը պտուղները»,-նշեց վարչապետը:

















































