Հայաստանում կա ավելի քան 300 սողանցքային գոտի. ԱԻՆ
Հայաստանում կա ավելի քան 300 սողանցքային գոտի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Նրա խոսքով՝ մի քանի ակտիվ գոտիներ կան Սյունիքում, Լոռիում, Շիրակում, Կոտայքում: Ավելի ակտիվ գոտիներում տեղադրված է համապատասխան սարքավորում, որը ֆիքսում է տեղաշարժերի պարամետրերը, եւ իրավիճակի գնահատում է անցկացվում:
Նախարարը հայտնեց, որ այսուհետ պայթեցման աշխատանքները, այդ թվում հնարավոր փլուզումները վերացնելու համար, կանցկացնի ԱԻՆ-ը, սակայն կան խնդիրներ տարածքները մաքրելու հետ կապված, քանի որ գերատեսչությունը ծանր տեխնիկա չունի: «Սակայն ասել, թե ամեն ինչ կարող ենք կանխատեսել, անհնար է: Եղել է, օրինակ, անսպասելի սողանք Տաթեւում Սատանի կամրջի շրջանում»,- նշեց նա:
Մեկնաբանելով «Դալմա մոլում» վերջերս տեղի ունեցած դեպքը՝ Ցոլակյանը նշեց, որ առաջին կանչը եղել է երկրաշարժի մասին: «Չի լինում երկրաշարժ առանձին շենքում»,- նկատեց նախարարը: Գնահատելով իրավիճակը՝ նախարարը եզրակացրեց, որ այդ շենքում տարօրինակ ցնցման պատճառը օդափոխման համակարգն էր, որը տեղադրված էր տանիքին, զուգահեռաբար բացառվել է շենքի կառուցվածքի խախտումների տարբերակը:

















































