Իշխանությունները պետք է սթափվեն. Երվանդ Վարոսյանը` ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարության մասին
Երբ քաղաքական իշխանությունները պատշաճ ուշադրութուն չեն դարձնում երկրի ներսում հնչող գնահատականներին և, ըստ այդմ, չի փոխում նաև շատ հարցերի վերաբերյալ իրենց քաղաքականությունն ու նկրտումները, բնական է, որ ուշ թե շուտ միջազգային կառույցներից նման գնահատականներ էին հնչելու:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների՝ Հայաստանում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանությանը:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ համազեկուցողներն իրենց հայտարարության մեջ նշել են, թե անհանգստացած են Հայաստանի երկու պետական ինստիտուտների՝ վարչապետի աշխատակազմի և Սահմանադրական դատարանի նախագահի միջև լարվածության բարձր մակարդակից։
«Ցավով պետք է նշեմ՝ վստահ եմ, որ սա վերջին նմանատիպ գնահատականը չի լինելու: Միակ բանը, որ սրան պետք է նախորդեր, և սրան պետք է հաջորդի, իշխանությունների սթափվելն է, հասկանալն է, որ պետությունը երբեք որևէ մեկի սեփականություն չի կարող հանդիսանալ, և որ մեզ բոլորիս է անհրաժեշտ այն իրավական պետություն, որին հասնելու ճանապարհին խիստ կարևոր նշանակություն ունի, որ պետության ճյուղերն իրականում լինեն տարանջատված»,-ասաց Վարոսյանը՝ նշելով, թե պատահական չէ, որ համազեկուցողների մեկնաբանության առանցքներից մեկն էլ հենց իշխանությունների տարանջատման սկզբունքի պահպանման կարևորությունն է:
«Իշխանությունների տարանջատման ու զսպումների և հակակշիռների առկայության կարևորությունն են ընդգծել, առանց որոնց ժողովրդավարական ու իրավական պետության մասին խոսելը բացարձակ ավելորդ է»,- ասաց նա:
Հարցին՝ քաղաքական իշխանությունը չի՞ նկատում այս ազդակները, փաստաբանն արձագանքեց, թե Հայաստանում իշխանության միայն մեկ ճյուղ ունենալու ճանապարհը բռնել է հենց իշխանությունը, հետևաբար չնկատել չեն կարող:
«Իրենք ուղղակի պետք է հասկանան, որ այդպես չի լինում, ի վերջո, մենք պետք է անցնենք այդ սահմանագիծը, և իշխանության ճյուղերը մեզ մոտ տարանջատվեն: Վաղուց ազդակներ կան Հայաստանի ներսում, եղե՞լ է այդ ազդակներն ընկալող` չի եղել: Իսկ մեզ որտեղի՞ց երաշխիք, որ ԵԽԽՎ-ից եկող ազդակն ինչ-որ մեկի վրա ազդելու է: Ինձ թվում է, որ սա միանգամից չի հանգեցնելու իրավիճակի օրինական հանգուցալուծմանը: Ես այստեղ ավելի կկարևորեի մեր հասարակության դերը, հատկապես՝ այն հատվածի դերը, որը շատ լավ գիտակցում է՝ ինչ է կատարվում ու լռում է»,- ամփոփեց Երվանդ Վարոսյանը:

















































