Ղասեմ Սոլեյմանին ճկուն դիրքորոշում ուներ ղարաբաղյան խնդրում. իրանագետ
Գեներալ Ղասեմ Սոլեյմանին ճկուն դիրքորոշում ուներ ղարաբաղյան խնդրում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 8-ին ասել է իրանագետ Գարիկ Միսակյանը։
Նրա խոսքով՝ այս մասին ասվել է Իրանի պետական միջազգային հեռուստաալիքներից մեկով, փորձագիտական-վերլուծաբանական ծրագրերից մեկի ժամանակ։ Իրանագետը ավելացրել է, որ Ղասեմ Սոլեյմանին հիանալի հասկանում էր, որ Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակի դեպքում կամրապնդվեն պանթյուրքիստների դիրքերն Իրանի հյուսիսում, ինչը կհանգեցներ Նախիջեւանի միացմանը «մայրցամաքային» Ադրբեջանին եւ Հայաստանի Սյունիքի մարզի, որն, ըստ էության, բաժանարար գիծ է, եւ հենց Իրանի համար սպառնալիքի սաստկացմանը։
«Փորձագետը նշել էր, որ նման իրավիճակում գեներալն ամեն կերպ խանգարել է ադրբեջանցիներին եւ աջակցություն ցուցաբերել հայերին՝ պանթյուրքիստների պլաններին խանգարելու նպատակով»,- տեղեկացրել է Միսակյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաղդադում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով եւ ամերիկյան ավիահարվածի հետեւանքով սպանվել էր ԻՀՊԿ ազդեցիկ գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ Ի պատասխան Իրանը հարվածներ է հասցրել Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան երկու ռազմակայանի։

















































