ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կոչը՝ Դավիթ Ափոյանի նկատմամբ ոստիկանների գործողությունների առնչությամբ
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, հրավիրված նիստում կողմ քվեարկեցին ԵՊՀ ՈՒԽ նախագահ, հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Ափոյանի նկատմամբ օրերս ոստիկանների գործողությունների մասին կոչին։
«ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը անընդունելի է համարում սույն թվականի դեկտեմբերի 24-ին ԵՊՀ տարածքում արձանագրված ՀՀ ոստիկանության գործելաոճը։ Ոստիկանության ծառայողը պարտավոր է հարգել մարդու ազատությունները, ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ, մինչդեռ միջադեպի ընթացքում ԵՊՀ ՈՒԽ նախագահ, հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Ափոյանի նկատմամբ կիրառված միջոցները ակնհայտորեն ոչ անհրաժեշտ և ոչ չափավոր էին։
Կոչ ենք անում հետագայում բացառել պատշաճ չհիմնավորված գործողությունները և ակնկալում ենք Ոստիկանության կողմից նշված դեպքի պատշաճ քննություն, և համարժեք գնահատական»,-ասված է կոչում։

















































