Շինաշխատանքները ժամկետում չավարտելու դեպքում Երևանի քաղաքապետն իրավասու կլինի միակողմանի լուծել պայմանագիրը.Նոր որոշում
Երեւանում, շինհրապարակի կազմակերպման պահանջը գործնականում հանգեցնում է դեպքերի, երբ շինարարությունն սկսելուց ամիսներ առաջ ձեւավորվում է շինհրապարակը՝ անհարկի խոչընոտելով երթեւեկությանը եւ հետիոտնային շարժին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը՝ ներկայացնելով այդ հարցը կարգավորող որոշման նախագիծ:
Նա նշեց, որ նախագծով առաջարկվում է շինարարական հրապարակի կազմակերպման ժամկետային սահմանափակում, այսինքն թույլ չտալ շինհրապարակի կազմակերպում ավելի վաղ, քան աշխատանքները փաստացի մեկնարկելուց մեկ ամիս առաջ: Նույն սահմանափակումը կկիրառվի նաեւ հետիոտնի շարժ համար նախատեսված ժամանակավոր անցումների համար, նաեւ պահանջ դնել, որ այդ անցուղիները ունենան թեքահարթակներ:
«Բացի այդ, երբ շինարարությունը սահմանված ժամկետում չի ավարտվում, այդ դեպքում նշված ժամանակավոր կառույցները մնում են, արդյունքում շենքերի բակերը տարիներով փակ են մնում: Առաջարկվում է, որ շինարարական աշխատանքները ժամկետում չավարտելու դեպքում, Երեւանի քաղաքապետն իրավասու կլինի միակողմանի լուծել պայմանագիրը եւ կառուցապատոողից պահանջել ողջամիտ ժամկետում վերականգնել ընդհանուր օգտագործման մայթը: Քաղաքապետը դա պետք է անի փորձագիտական եզրակացության հիման վրա»,-ասաց նա:
ԲՀԿ խմբակցությունից Միքայել Մանրիկյանը հարց ուղղեց, թե ինչպես է լինելու այն դեպքում, երբ բնակիչներից մեկը դատի է տալիս կառուցապատողին եւ շինարարությունը ժամանակավորապես դադարեցվում է, այդ դեպքում կառուցապատողը պետք է լրացուցիչ ծախսեր անի եւ վերացնի՞ շինհրապարակը:
Գայանե Մելքոմ Մելքոմյանը նշեց, որ այդ հարցը քննարկվել է ու որոշվել է, որ այդ դեպքերը չեն մտնում այս կարգավորման մեջ:
Որոշումն ընդունվեց միաձայն՝ 51 կողմ ձայներով:

















































