Թավադյանին բերման են ենթարկել առանց պատճառաբանության
«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը բերման է ենթարկվել ՀՔԾ, որը ապօրինի գործողություն է նրա նկատմամբ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահե Եփրիկյանը։
«Ժամը 14։00-ի սահմաններում պարոն Թավադյանին բերման են ենթարկել ՀՔԾ։ Թե ինչ կասկածանքի շուրջ ինչի համար մենք տեղեկություն չունենք։ Պարոն Թավադյանին բերման ենթարկելն ապօրինի է, քանի որ նա ծանուցում կամ հրավեր չի ստացել։ Անձին բերման են ենթարկում, երբ հրավիրում են կամ ծանուցում են, որ ներկայանա վարույթ իրականացնողին, սակայն անձը չի ներկայանում՝ առանց հարգելի պատճառների եւ նրան բերման են ենթարկում»,- ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ Թավադյանին բերման ենթարկելն ունի քաղաքական համատեքստ եւ քաղաքական տրամաբանության մեջ տեղավորվող գործընթաց է. «Գաղտնիք չէ, որ եւ Ռոբերտ Քոչարյանի, եւ նրա աջակիցների նկատմամբ արդեն այս ռեպրեսիվ գործողությունները դարձել են սովորական։ Որքան իշխանության վարկանիշը ընկնի, այնքան կբարձրանա պարոն Քոչարյանի աջակիցների նկատմամբ իրականացվող այս բացառիկ ճնշումները»։
Եփրիկյանը պատմեց, որ վաղն իրենք միջոցառում էին անցկացնելու եւ պարոն Թավադյանին եւս հրավիրել էին այդ միջոցառմանը. «Ցանկանում էինք տարին ամփոփել, խոսել մեր առաջիկա խնդիրներից, ձեռքբերումներից։ Երեւի փորձում են այս կերպ խոչընդոտել»։

















































