Շինարարները 200 տարվա վաղեմության 10 հազար մետաղադրամ են հայտնաբերել, որոնց արժեքը գրեթե 600 հազար դոլար է (լուսանկարներ)
Լեհաստանի Կրակով քաղաքում շինարարները շենքի նկուղում հայտնաբերել են 10 հազար հին մետաղադրամ, որոնց արժեքը կազմում է գրեթե 600 հազար դոլար, գրում է Daily Mail-ը:
Բանվորները մետաղադրամները հայտնաբերել են շենքում վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս: Շենքն, ըստ հաղորդման, 200 տարի առաջ պատկանել է վանական միաբանությանը։
Տան նկուղում նրանք հայտնաբերել են պղնձե մետաղադրամներ, որոնք պատկանում են Լեհաստանի թագավոր Ստանիսլավ Օգոստոս Պոնյատովսկու ժամանակաշրջանին, որը կառավարել է 18-րդ դարի վերջերին:
Փորձագետների գնահատմամբ՝ այդ ժամանակաշրջանի յուրաքանչյուր մետաղադրամի արժեքը կարող է հասնել առնվազն 51 դոլարի: Գանձը փոխանցել են Կրակովի հնագիտական թանգարանի ներկայացուցիչներին։
Հնագիտական թանգարանը կփորձի պարզել, թե ինչպես են մետաղադրամների պարկերը հայտնվել այդ շենքում:

















































