Թիրախային ստուգումների գործելաոճ մեզ մոտ այսօր բացակայում է. ՊԵԿ փոխնախագահը՝ Ծառուկյանի հայտարարության մասին
Հարկային համալիր ստուգումների իրականացումը պայմանավորված է որոշակի հանգամանքներով. մասնավորապես, դրա համար նախատեսված է ստուգումների նախնական պլան եւ քրգործերով իրականացվող որոշակի ստուգումներ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե միայն իր ընկերություններում է ՊԵԿ-ը այդպիսի հաճախականությամբ ստուգումներ իրականացնում:
Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ իր ղեկավարած ստորաբաժանման կողմից իրականացվող ստուգումներ գաղտնի բնույթ ունեն եւ չի կարող տնտեսվարողների անունները հրապարակել:
«Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդի հայտարարությանը, թե հարկային ստուգումներն իրականացվում են միայն իր նկատմամբ, ապա միանշանակ այդպես չէ: Ստուգումների իրականացման կարգ գոյություն ունի եւ ցանկացած պահի կամ կամայականորեն հնարավոր չէ ինչ-որ տնտեսվարողի նկատմամբ ստուգումներ սկսել:
Եթե կան տնտեսվարողներ, որ ունեն բազմաթիվ բիզնեսներ, առավելեւս եթե դրանք խոշոր հարկ վճարող են, ապա բնականաբար, այդ ընկերություններում ստուգումներն ավելի հաճախակի են լինում, քան այլ ընկերություններում: Սակայն թիրախային ստուգումների գործելաոճ ՊԵԿ-ում այսօր բացակայում է»,-ասաց նՊԵԿ փոխնախագահը:

















































