Նորանշանակ թաղապետը մոտակա 2 շաբաթը «խառը գործերով» է
Երեկ հայտնի դարձավ, որ Կենտրոն վարչական շրջանը կղեկավարի ՀԱԿ վարչության նախկին անդամ Ավետ Պողոսյանը։ Նշանակումից անմիջապես ժամեր անց Պողոսյանը սկսեց աշխատանքից ազատել Վիկտոր Մնացականյանի կադրերին, գրում է hraparak.am-ը։
Մենք զանգահարեցինք Պողոսյանին՝ աշխատանքից ազատումների, նոր նշանակումների, նրա անցած ճանապարհի, ապագա անելիքների վերաբերյալ մի 2 հարց տալու ակնկալիքով, սակայն նրա մասին միանգամից նոր բան իմացանք․ նորանշանակ թաղապետ Ավետ Պողոսյանը հեռախոսով հարցերի չի պատասխանում՝ չնայած որ, իր պնդմամաբ, սկզբունքորեն հարցազրույցներին դեմ չէ։
Առաջարկեցինք հանդիպել և զրուցել, Պողոսյանն էլ առաջարկեց խոսել իրենց մամուլի պատասխանատուի հետ։ Մամուլի պատասխանատուն էլ իր հերթին ճշտելուց հետո ասաց, որ թաղապետը մոտակա 2 շաբաթվա ընթացքում հարցազրույց տալը ռեալ չի համարում, քանի որ զբաղված է խառը գործերով։
Խնդրեցինք նրա մասին գոնե 1-2 կենսագրական տվյալ փոխանցել, պատասխանատուն ասաց, որ այս պահին ձեռքի տակ չունի նոր ղեկավարի կենսագրական տվյալները, դրա համար ժամանակ է պետք, իսկ ինքը թաղապետին նշանակվելուց հետո մի անգամ է տեսել։
Փաստորեն, ի տարբերություն Վիկտոր Մնացականյանի, որը Օպերայի տարածքում օրերով բանակցություններ էր վարում ցուցարարների հետ, Պողոսյանը նույնիսկ մի 20 րոպեանոց հարցազրույցը ռեալ չի համարում։

















































