Դատավոր Աննա Դանիբեկյանի եւ Քոչարյանի աջակիցների առերեսումն անցել է հրաշալի մթնոլորտում. Վահե Եփրիկյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը եւ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Սարգիս Օհանջանյանը եւ Նարեկ Մութաֆյանն առերեսվել են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Մութաֆյանի պաշտպան Վահե Եփրիկյանը։
Վահե Եփրիկյանն ասաց, որ առերեսումն անցել է հրաշալի մթնոլորտում. «Ինչպես նախաքննության, այնպես էլ առերեսման ժամանակ պաշտպանյալներս վերահաստատել են այն դիրքորոշումը, որ իրենք, մասնավորապես, տիկին Դանիբեկյանի նկատմամբ որեւէ անհարգալից վերաբերմունք չունեն։ Իրենք եւս դատապարտում են, որ դատավորների նկատմամբ կարելի է այդպիսի բառամթերք օգտագործել»։
Նախաքննական մարմնի միջնորդությամբ՝ Նարեկ Մութաֆյանը պետք է կալանքի տակ մնար եւս 2 ամիս, սակայն դատարանը միջնորդությունը բավարարել է մասնակի։
Պաշտպանը հայտնեց, որ հարցաքննվել են դատական կարգադրիչներ, ուսումնասիրվել է Նարեկ Մութաֆյանի հեռախոսը։
Հիշեցնենք, որ Սարգիս Օհանջանյանը եւ Նարեկ Մութաֆյանը կալանավորվել են այժմ կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր տալուց եւ դա տեսանկարահանելուց հետո:

















































