ԱԱԾ քննիչը փաստաբանի համակարգիչն առաջարկում է տեղում զննել
ԱԱԾ քննիչները փաստաբան Հովհաննես Չամսարյանի գրասենյակից համակարգիչները չեն առգրավվի, սակայն ցանկանում են գրասենյակում անցկացնել այդ ուսումնասիրությունները։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Չամսարյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը։
«ԱԱԾ-ն առաջարկում է այստեղ իրականացնել համակարգիչների զննումը, սակայն մենք թույլ չենք տալիս։ Չենք համաձայնվում նաեւ այդ առաջարկին, քանի որ տարբերություն չկա, թե որտեղ են զննելու համակարգիչները»,- ասաց Արամազդ Կիվիրյանը եւ հավելեց, որ ԱԱԾ աշխատակիցները շարունակում են գտնվել փաստաբանական գրասենյակում։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ քննիչ Օնիկ Առաքելյանը ցանկանում է առգրավվել փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչները: Փաստաբանը NEWS.am-ին հայտնել էր, որ օրենքով արգելվում է առգրավվել փաստաբանի համակարգիչը, քանի որ այն գաղտնի տեղեկատվություն է պարունակում: Փաստաբան Չամսարյանի գրասենյակում է գտնվում նաեւ նրա ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը, եւ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

















































