Երեւանում տրանսպորտի խնդիրը կլուծվի միայն որակյալ էլեկտրատրանսպորտի ներդրմամբ. փորձագետ
Երեւանում տրանսպորտի խնդիրը կլուծվի միայն էլեկտրատրանսպորտի որակյալ ցանցի ներդրմամբ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նոյեմբերի 7-ին ասաց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը։
Նա նշեց, որ տեղի է ունենում հակառակը, եթե հաշվի առնենք, որ ցանցից հանվել են տրամվայները, իսկ տրոլեյբուսները ցավալի վիճակում են։ «Մենք աշխարհում միակ երկիրն ենք, որն ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ, որը կարելի է օգտագործել տրանսպորտում»,- ավելացրել է նա։
Պողոսյանն ընդգծել է, որ քաղաքապետարանում առարկայական խոսակցություններ չեն վարվում տրանսպորտի խնդիրների մասին։ «Այսօր իշխանությունները խոսում են այն մասին, որ նոր տրանսպորտային ցանցի նախագիծը 70 տոկոսով պատրաստ է, բայց հարց է առաջացնում այն, թե ինչ սկզբունքներով են տարվում աշխատանքները։ Նույնը վերաբերում է էլեկտրատրանսպորտի զարգացմանը։ Բայց դրա մասին ծրագրում նշված չեն ոչ ժամկետներ, ոչ ռեսուրսներ, ոչ միջոցներ, որոնցով այդ ամենն իրականացվելու է։ Եթե այդ ամենը չկա, ապա դա նման է խաբեության»,- պարզաբանել է նա։

















































