Ով է նշանակվել Կադաստրի կոմիտեի ղեկավարի ժ/պ. աշխատանքից ազատման դիմում է գրելու նաեւ խոսնակը
Ինչպես գիտենք, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրաժարականից հետո կոմիտեի ղեկավարի ժ/պ էր նշանակվել Լևոն Մելիքյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Սակայն վերջինս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով նոյեմբերի 5-ին ազատվել է պաշտոնից։
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարի ժ/պ է նշանակվել Արամ Կարախանյանը, ով այժմ զբաղեցնում է Կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնը։
Ավելի վաղ գրել էինք, որ դիմումների շքերթ է սպասվում կառույցում, կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանը ևս դիմում է գրելու։ Մեր տեղեկություններով՝ դիմում է գրելու նաև Կադաստրի կոմիտեի խոսնակ Ռուզաննա Խաչատրյանը։
Մեզ հետ զրույցում Ռուզաննա Խաչատրյանն ասաց, որ այս պահին ազատման դիմումներ չկան. «Աշխատակազմի ղեկավարի, մեզ մոտ՝ գլխավոր քարտուղարի ազատման դիմում այս պահին չկա, ուրիշ դիմումներ էլ չկան»։
Անդրադառնալով հարցին՝ այդյո՞ք ինքը ևս աշխատանքից ազատման դիմում է գրելու՝ Խաչատրյանը պատասխանեց. «Ես Կադաստր եկել եմ Սարհատ Պետրոսյանի հրավերով, իրեն ճանաչելով որպես ազնիվ, պրոֆեսիոնալ, պայծառ գաղափարներ ունեցող մարդու: Ինչում էլի ու էլի համոզվեցի այս մոտ մեկ ու կես տարում: Ես իր թիմի անդամ դարձա ու առանց այդ թիմի ղեկավարի անելիք չունեմ Կադաստրում»:

















































