Հիմա կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ ինչ ուզես անում են. Վազգեն Մանուկյան
Հիմա կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ ինչ ուզես անում են: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Նրա խոսքով, Հայաստանի առջեւ բազմաթիվ մարտահրավերներ կան, բայց ամբողջ հասարակությունը զբաղված է «Մարտի 1»-ով, Հոկտեմբերի 27»-ով եւ այլն. «Ես չեմ ասում, որ այդ հարցերը պետք է ծածկել, բայց հասարակությանը ներգրավել դրա մեջ, նշանակում է շեղել հասարակությանը ուշադրությունը այն խնդիրներից, որ կանգնած են մեր առջեւ»,-ասաց Վազգեն Մանուկյանը:
Նա նկատեց, որ հասարակության մեջ մի շերտ կա, որ շատ ուրախանում է, երբ ինչ-որ մեկին ձերբակալում են. «Այդ ջանքերը, որ հիմա թափվում են այդ գործերի վրա, եթե այդ ջանքերն ուղղվեին պետության զարգացմանը, մենք ավելի մեծ արդյունքների կհասնեինք:
Նիկոլ Փաշինյանն ուներ մեծ շանս, որը նորանկախ Հայաստանում ոչ մեկը չի ունեցել: Մարդիկ հույս ունեին, որ մեր խնդիրները կլուծվեն, դրա փոխարեն մենք անընդհատ խոսում ենք դատական գործընթացների մասին»,-ընդգծեց Հանրային խորհրդի նախագահը:

















































