Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը կշարունակվի նոյեմբերի 5–ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ Հաշվի առնելով, որ առանց գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի նիստը շարունակվել չէր կարող եւ այն հանգամանքը, որ դատարանը մեկ այլ ամբաստանյալ Սեյրան Օհանյանին թույլատրել է հոկտեմբերի 21–ից նոյեմբերի 4–ը բացակայել Հայաստանից, հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 5–ին, ժամը 13:00–ին։
Այսօրվա նիստում Քոչարյանի փաստաբանները տեղեկացրել էին, որ Ռոբերտ Քոչարյանը հետվիրահատական բուժում է ստանում եւ նրա մասնակցությունը դատական նիստերին առաջիկա մեկ–երկու շաբաթների ընթացքում դեռեւս հնարավոր չէ։
Նշենք, որ հոկտեմբերի 9–ին Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։
Հիշեցնենք, որ հունիսի 25–ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի մայիսի 18–ի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության, իսկ Ռոբերտ Քոչարյանին կալանավորել։
Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։ Յուրի Խաչատուրովը եւ Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գեւորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: Այս գործով կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ. վերջինը՝ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ։
Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ, որպես փախանման միջոց է ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել