Յուրի Խաչատուրովը Ստեփան Գրիգորյանից պահանջում է հերքում և 2 մլն դրամ. այսօր տեղի կունենա հերթական դատական նիստը
Ինչպես գիտենք, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը 2018թ-ի օգոստոսին քաղաքացիական հայց է ներկայացրել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի դեմ:
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի գործով Էրեբունիի դատարանում դատավոր Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ տեղի է ունենալու հերթական նիստը։
Ըստ հայցվոր կողմի` Ա1+ հեռուստաընկերությանը տված իր հարցազրուցներից մեկում Ստեփան Գրիգորյանը Յուրի Խաչատուրովի վերաբերյալ սուտ տեղեկություններ է հայտնել, վերջինիս պետական դավաճանության մեջ մեղադրել և այդ կերպ վիրավորել ու փորձել արատավորել նրա պատիվն ու արժանապատվությունը:
Մասնավորապես՝ հարցազրույցում, ըստ հայցվոր կողմի, Ստեփան Գրիգորյանը խոսել է 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի մասին՝ ասելով, թե որոշ գեներալներ չեն եղել իրենց տեղում, կարճ ժամանակում չեն եկել աշխատավայր, ինչպես նաև մեղադրանքներ էր հնչեցրել առ այն, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին որոշ տարածքներ վաճառվել են ՀՀ գեներալների՝ այդ թվում Յուրի Խաչատուրովի կողմից:
Խաչատուրովը պահանջվել է հայցը բավարարելուց հետո Ստեփան Գրիգորյանին պարտավորեցնել նույն լրատվամիջոցով հերքում տարածել ու վճարել 2 մլն դրամ գումար` որպես Խաչատուրովի բարի համբավին հասցված բարոյական ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Նշենք, որ մինչ հայցադիմում ներայացնելը հայցվոր կողմը չի փորձել որևէ կերպ կապ հաստատել Ստեփան Գրիգորյանի հետ:

















































