Մադուրոն հայտարարել է, որ Ռուսաստանից ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում «լիակատար աջակցություն» է ստացել (տեսանյութ)
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Ռուսաստանից «ռազմատեխնիկական համագործակցության բոլոր ոլորտներում» լիակատար աջակցություն է ստացել, գրում է РИА Новости-ն:
«Մենք ստացել ենք Ռուսաստանի և նրա նախագահ Վլադիմիր Պուտինի` ռազմատեխնիկական համագործակցության բոլոր ոլորտներում լիակատար աջակցությունը... Վենեսուելան ունի աշխարհում ամենաառաջադեմ սպառազինության համակարգերից մեկը»,- հայտարարել է Մադուրոն Մոսկվայից վերադառնալիս Կարակասի օդանավակայանում լրագրողների հետ ունեցած զրույցում:
Մադուրոն ասել է, որ նախագահ Պուտինի հետ ունեցած հանդիպման ժամանակ վերջինս իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Վենեսուելայի պաշտպանունակության հզորացմանը՝ «երկրի ինքնիշխանության և խաղաղության պահպանման նպատակով»:
Չորեքշաբթի Կրեմլում տեղի է ունեցել նախագահներ Պուտինի և Մադուրոյի հանդիպումը: Հանդիպման արդյունքում կողմերը համաձայնեցրել են տնտեսական ու արդյունաբերության զարգացման ոլորտներում փոխգործակցության պլանը, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության մանրամասները:

















































