Կառավարության որոշմամբ՝ ՀՀ-ից արտահանումները դեպի Սինգապուր ամբողջությամբ ազատվեցին մաքսատուրքից
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի ստորագրման և «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրի ստորագրման առաջարկություններին:
Համապարփակ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրով նախատեսվում է կողմերի փոխազդեցության բազմակողմ զարգացման պարտավորություն, որի նպատակն է ապրանքների և ծառայությունների առևտրի խթանումը, կոոպերացիայի ընդլայնումը, ինչպես նաև կապիտալ ներդրումների, ընկերությունների հիմնադրման և գործունեության պաշտպանության ժամանակակից ստանդարտների ապահովումը։
Սինգապուրի հետ անցկացվել է թվով 7 բանակցային փուլ: Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր և պայմաններ փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում Կողմերի միջև տնտեսական համագործակցության խթանման համար, ինչպես նաև վերացնել կողմերի միջև առևտրային և ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը և բարձրացնել տնտեսական արդյունավետությունը:
Նախագծով նախատեսվում է կարգավորել ավելի քան 12 հազար ապրանքատեսակի հետ կապված հարաբերություններ, որից 4800-ի մասով նախատեսվում է մաքսատուրքի զրո տոկոսի կիրառում համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո: Մյուս ապրանքատեսակների մասով զրո տոկոս մաքսատուրքը ուժի մեջ կդրվի 3-10 տարի հետո:
«Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագրով էլ ազատականացվում է ապրանքերի առևտուրը: Ազատականացնում է Հայաստանի և Սինգապուրի միջև ծառայությունների առևտրի և ներդրումների իրականացման գործընթացները:
Հիմնական զեկուցող էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդգծեց, որ համաձայնագրերով ՀՀ-ից արտահանումները դեպի Սինգապուր ամբողջությամբ են ազատվում մաքսատուրքից:

















































