ՔԿՀ-ներում «օրենքով գողերի» ազդեցության հարցը դեռ լուծված չէ. Ռուստամ Բադասյան
Այս պահին «Արմավիր» ՔԿՀ-ում հացադուլի մեջ գտնվող որեւէ մեկը չկա. ընդամենը մի քանի հոգու հետ կապված խնդիր է եղել՝ տեղափոխման հարցերի շուրջ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` պատասխանելով «Արմավիր» ՔԿՀ-ում երեկ տեղի ունեցած անկարգությունների եւ 50-ից ավելի հացադուլավորների մասին հարցին:
«Չափազանցված լուր է տեղադրվել, թե 50 մարդու մասին է խոսքը: Ընդամենը մի քանի հոգու տեղափոխման մասին է եղել խոսքը, խնդիրն արդեն հարթվել է: Ըստ էության կարելի է ասել՝ հացադուլը չի էլ սկսել»,-ասաց նախարարը:
Հարցին, թե ինչու են որոշել տեղափոխություններ անել, Բադասյանը հայտնել է, որ մանրամասներին տեղյակ չէ. «Դա ՔԿՀ-ում տեղի ունեցող հերթական շարքային իրադարձություն է»:
Նախարարը խոստովանեց, որ ՔԿՀ-ներում այսօր էլ կան «օրենքով գողեր», քրեական հեղինակություններ. «Այո, կան: Դուք գիտեք, որ մենք ունենք քրեակատարողական ոլորտում ռազմավարություն հրապարակված, որը քննարկումների փուլում է, նրանց ակտիվության հարցը կլուծվի»:
Հարցին` նրանք շարունակում են արտոնյալ պայմաններում պահվե՞լ, նախարարը պատասխանեց. «Եթե ասեմ, որ ամբողջությամբ վերացված է նրանց ազդեցությունը՝ ոչ, բայց գործնականում քայլեր կատարված են օրենքի շրջանակներում քրեակատարողական ծառայողների կողմից: Մանրամասների համար խնդրում եմ դիմեք քրեակատարողական ծառայություն»:

















































