Բովանդակային առումով՝ թույլ, բայց սպառնալիքներով ու պաթոսով՝ հարուստ. Փաշինյանի ելույթը՝ ԱՄՆ-ում
«Փաստը» գրում է. «Ընթանում է վարչապետի այցը ԱՄՆ: Փաշինյանը Լոս Անջելեսում նախ հանդիպեց ավանդական հայ կուսակցությունների ղեկավար կազմերի, ապա Կալիֆոռնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարության հետ:
Հատկանշական է, որ այդ հանդիպումներում ՀՀ վարչապետը խոսեց համահայկական օրակարգի ձևավորման և համահայկականության գաղափարի իրագործման անհրաժեշտության մասին: Սակայն Լոս Անջելեսում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում վարչապետը համախմբվածության անհրաժեշտությունն ընդգծելու փոխարեն, փորձեց «հաթաթա» տալ բոլորին՝ նախկիններին, մամուլին, դատարաններին, եկեղեցականներին:
Ըստ վարչապետի՝ իրենք ասում են, որ մամուլը պետք է ազատ լինի, դատարանները պետք է անկախ լինեն, եկեղեցու ներքին կյանքի մեջ չեն մտնելու, սակայն սրանից դրանց ներկայացուցիչները եզրակացնում են, թե կառավարությունը թույլ է, և ցանկանում են կառավարության ողնաշարը ջարդել:
Վարչապետն ընդգծեց, որ իրենց ժպիտները թող ոչ ոք որպես թուլություն չընկալի, քանի որ այդպես մտածողները ուժեղ հակահարված կստանան և ծնկի կբերվեն:
Տպավորություն է ստացվում, թե վարչապետն իր գլխավորած կառավարությունը նույնացնում է պետության հետ, սակայն պետք է նկատի ունենալ, որ կառավարությունները կգան ու կգնան, իսկ առաջնայինը պետության ողնաշարն է, որի ամրությունը մշտական պահպանության կարիք ունի: Կառավարությունը պետք է շատ հաճախ նաև քննադատության ենթարկվի, որպեսզի ստիպված լինի աշխատել, ուղղել սխալները և բացթողումները:
Իսկ եթե կառավարության ղեկավարը քննադատություններին պատասխանում է սպառնալիքների լեզվով, սա վկայում է այն մասին, որ կառավարությունն ընտրել է ոչ թե քննադատությունները լսելու, այլ դրանց հակադարձելու գործելակերպ, այդպես կառավարությանը չի հաջողվի տեսնել իր սխալները և ուղղել դրանք:
Ասուլիսից ժամեր անց Լոս Անջելեսի Գրանդ Պարկում ամերիկահայերի մասնակցությամբ տեղի ունեցավ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը, որի ժամանակ ելույթներով հանդես եկան Կալիֆոռնիայի նահանգապետը, Լոս Անջելեսի քաղաքապետը, դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը, սակայն վարչապետի նախաձեռնությամբ կազմակերպված հավաքին ԱՄՆ ներկայիս վարչակազմի որևէ ներկայացուցիչ չէր մասնակցում: Իսկ ԱՄՆ կառավարության պաշտոնյաների մասնակցությունը կնշանակեր, որ ԱՄՆ կառավարությունն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի ներկայիս կառավարությանը:
Ուշագրավ է, որ հենց այդ նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ում էր գտնվում նաև Հնդկաստանի վարչապետը: Վարչապետ Նարենդրա Մոդին Տեխաս նահանգում մասնակցում էր իր հայրենակիցների բազմահազարահոց հավաքին, որին ներկա էր նաև նախագահ Թրամփը: Օտարերկրյա առաջնորդի համար հրավիրված այդ հազվադեպ հանրահավաքի ընթացքում Մոդին և Թրամփը բարեկամական ջերմ խոսքերով են փոխանակվել:
Հասկանալի է, որ 2020 թվականին ԱՄՆ-ում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, և, ըստ այդմ, կարևորվում է ԱՄՆ-ում ապրող հնդիկների աջակցությունը, սակայն Հայաստանը չի կարողանում ռացիոնալ օգտագործել մեր սփյուռքի ներուժը նախ և առաջ թեկուզ որպես էլեկտորատ:
Եվ այս համատեքստում սպասվում էր, որ Լոս Անջելեսի Գրանդ Պարկում վարչապետի ելույթը յուրահատուկ հնչեղություն է ունենալու, նախանշվելու են Հայաստան-Սփյուռք համագործակցության կոնկրետ ուղղություններ, սակայն վերջինիս ելույթն աչքի ընկավ պաթոսով և ավելի շատ նմանվում էր գրական երեկոյի՝ առանց շեշտադրված մեսիջների: Փաշինյանը իր խոսքի մեծ մասը նվիրեց բանաստեղծություններ արտասանելուն և իր գլխավորած կառավարության գովքին:
Գնահատելի է, որ վարչապետը կարողանում է հայ համայնքի մասնակցությամբ մեծամասշտաբ հավաք կազմակերպել Լոս Անջելեսում, սակայն չպետք է մոռանալ նաև դրա բովանդակային կողմը:
Այդ իմաստով վարչապետի այցին չէր նախորդել բուռն նախապատրաստական աշխատանք, երևի թե դրանով է պայմանավորված, որ Փաշինյանի ելույթներում և ասուլիսում մեծ հաշվով ասելիք չկար, դրանք այն նույն ֆրազներն էին, որոնք արդեն մեկուկես տարի վերջինս կրկնում է»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim