Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, Տավուշի մարզպետը պատճառներից տեղյակ չէ
Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Tert.am-ի տեղեկությունը հաստատեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Այսօր օրենքով սահմանված կարգով համապատասխան դիմում է ուղարկել ինձ»,-ասաց մարզպետը և նշեց, որ պատճառները նշված չեն:
Իսկ թե ինքը տեղյակ է, թե ինչն է քաղաքապետի հրաժարականի պատճառը, մարզպետը բացասական պատասխան տվեց:
Հիշեցնենք, որ Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված` պաշտոնեական դիրքը չարաշահելու հիմքով:
Դիլիջանում կազմակերպված «Իմ քայլը հանուն Տավուշի» բիզնես համաժողովին քաղաքապետը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ինքը համոզված է, որ քրեական արարք թույլ չի տվել, և որևէ խնդիր չի առաջանա, քանի որ շարժվել է օրենսդրության և Սահմանադրության համաձայն։
Հիշեցնենք նաև, որ խոսքը Իջևանի բնակիչներից մեկին պատկանող տարածքը հանրային պուրակ դարձնելու քաղաքապետի մտադրության մասին է, որի դեմ քաղաքացին բողոքել էր։
Վարդան Ղալումյանի հետ կապ հաստատել չհաջողվեց:

















































