Առանց հայկական վարորդական իրավունքի բիզնես չի լինի. պատգամավորները որոշել են հայելային պատասխան տալ Կրեմլին
Այս օրինագծով քաղաքացիներին ընձեռվում է մի շարք գործողություններ կատարելու հնարավորություն, որոնք մտնում են Ճանապարհային ոստիկանության պատասխանատվության մեջ, եւ ոչ միայն անձամբ, այլեւ էլեկտրոնային ձեւով, ինչը թույլ կտա կրճատել հերթերը ոստիկանությունում։ Այս մասին խորհրդարանի Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի քնարկման ժամանակ, սեպտեմբերի 4-ին ասաց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։
Նրա խոսքով՝ օրինագծերի այս փաթեթով ճշտվում է նաեւ այն անձանց շրջանակը, որոնք տրանսպորտային միջոցների պետական ռեգիստրից օգտվելու իրավունք կունենան։
«Ճանապարհային ոստիկանությունը այլեւս չի արգելի ավտոմեքենաների շահագործումը համարանիշները հանելու միջոցով։ Դրա փոխարեն շահագործումը կարգելվի գրանցման փաստաթուղթը վերցնելով, ինչից հետո կտրվի փաստաթուղթ, որի գործողությունը կորոշվի 10 օրով, սակայն պայմանով, որ այդ ընթացքում կվերացվեն բոլոր խախտումները»,- պարզաբանել է Քոչարյանը։
Նա նաեւ ավելացրել է, որ իրենք ցանկանում են արգելել բիզնես վարելը եւ ծառայությունների մատուցումը տրանսպորտային միջոցների կիրառմամբ վարորդների կողմից օտարերկրյա վարորդական իրավունքների օգտագործման դեպքում, բացի այն վարորդներից, որոնք իրականացնում են միջազգային փոխադրումներ։
Արժե նշել, որ նման արգելքները չեն տարածվի ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիների վրա, բայց միայն այդ պետությունների կողմից փոխադարձ բարեկամական մոտեցման դեպքում։
Օրինագիծն ստացավ մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։

















































