Հայաստանի իշխանությունները պետք է լրջորեն զբաղվեն փողոցային առեւտրի խնդրով. փորձագետ
Հայաստանի իշխանությունները պետք է լրջորեն զբաղվեն փողոցային առեւտրի խնդրով: Սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Հանուն առողջության» նախաձեռնության անդամ Ռուբեն Հայթյանը:
Նրա խոսքով՝ չնայած կոչերին, իշխանությունները դեռեւս թույլ են տալիս մայրաքաղաքի որոշ մասերում առեւտուր անել: «Ինքս բազմիցս ականատես եմ եղել փողոցում 40 աստիճանի շոգի պարագայում ձկան առեւտրին: Ընդ որում՝ ձուկն իսկապես կարող է թարմ տեսք ունենալ, սակայն դա խոսում է այն մասին, որ ձուկը մշակում են, այդ թվում՝ ֆորմալինով»,- նշեց նա:
Փորձագետը հավելեց, որ մեկ այլ խնդիր է շարունակում մնալ ապրանքի համար կից փաստաթղթերի բացակայությունը, որոնք ձեռք են բերում հասարակական սննդի օբյեկտները: «Հասարակական սննդի արտաքուստ բարեկարգ օբյեկտը կարող է չունենալ կից փաստաթղթեր այն մասին, թե որտեղից է գնված, օրինակ, միսը եւ ինչ ծագում ունի»,- հավելեց Հայթյանը:

















































