ՀՊՏՀ-ի դասադուլին նախարարությունը կմիջամտի միայն անհրաժեշտության դեպքում․ խոսնակ
ՀՊՏՀ ուսանողների բարձրացված հարցերը կարող են լուծվել բուհի ներսում եւ բուհի ղեկավարության հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը՝ ներկայացնելով նախարարության դիրքորոշումը ՀՊՏՀ-ում վաղը սպասվող դասադուլին։
Մեր հարցին, թե նախարարությունը որեւէ կերպ միջամտելու է, խոսնակը պատասխանեց, որ միայն անհրաժեշտության դեպքում, այս պահին նախարարությունը անհրաժեշտություն չի տեսնում։
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները վաղը՝ սեպտեմբերի 2-ին, հայտարարել են դասադուլ՝ նշելով, որ հրաժարվում են մասնակցել հին, ժամանակավրեպ մեթոդներով կազմակերպվող ուսումնական գործընթացին, եւ իրենց ակցիան ուղղված է բուհում տեղի ունեցող կամայականությունների դեմ։

















































