Էջմիածնի քաղաքապետարանը տարօրինակ պայմանագիր է կնքել
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում 2019-ի դադարեցվել էին փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Այս տարի և՛ սուբվենցիոն ծրագրով նախատեսված հիմնանորոգման, և փոսալցման աշխատանքները մեկնարկել են ընդամենը օրեր առաջ:
Էջմիածնի քաղաքապետարանը ասֆալտապատման դադարեցումը պայմանավորում է կապալառու կազմակերպության ոչ պարտաճանաչ աշխատանքով:
«Դանդաղեցումը կապված էր մրցույթը շահած կազմակերպության հետ, չհասցրեցին: Մենք երկու մրցույթ էինք հայտարարել, երկու մրցույթը միասին նախատեսում էինք մոտավորապես 6000 քմ փոսալցումներ կատարել, սակայն աշխատանքների ժամկետի ավարտին դեռ կատարված էր ընդամենը մեկ մրցույթի մոտ 50 տոկոսը»,-ասաց Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը:
Նշենք, որ 2018-ին փոսալցման աշխատանքների համար հայտարարված մրցույթներում հաղթած «Խաչատուրյանի Բիլդինգ գրուպ» ՍՊԸ-ն իր պարտականությունները պատշաճ կատարել է և 2019-ին կրկին մասնակցել հայտարարված մրցույթներին: Ամենացածր գին առաջարկած «Խաչատուրյան Բիլդինգ»-ը, սակայն, այս անգամ ժամկետների խախտման խնդիր է ունեցել, որը պայմանավորում է տեղումների քանակով:
Ընկերության իրավախորհրդատու Մհեր Շահնազարյանը Tert.am-ի հետ զրույցում պարզաբանեց. «Ինչպես գիտենք այս տարվա գարունը տեղումնառատ էր և տեխնիկապես առաջացան այնպիսի դժվարություններ, որոնք թույլ չէին տալիս կատարել աշխատանքները. եթե կատարվեին, ապա ակնհայտորեն անորակ աշխատանքների հետ գործ կունենայինք, հետևաբար կարելի է փաստել, որ ստացվել է մի իրավիճակ, որն առաջացրել է պարտավորությունների կատարման անհնարինություն: Մենք այդ մասին պատշաճորեն տեղեկացրել ենք պատվիրատուին»:
Մինչդեռ Էջմիածնի քաղաքապետարանում պնդում են՝ տվյալ ժամանակահատվածում տեղումները քիչ են եղել. «Անձրևային եղանակները այդ ընթացքում ընդամենը եղել է երեք օր: Մենք այդ երեք օրերը հաշվի ենք առել»:

















































