Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի աջակցությունը. ԱԳ նախարար
ԱՄՆ-ն կարևորագույն դեր է խաղացել մեր անկախության առաջին տարիներից ի վեր: Այս մասին այսօր անցկացվող «Արժեքներ փոփոխության մեջ. Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» խորագրով համաժողովի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նախարարի խոսքով, Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրում ԱՄՆ-ն կարևոր ներգրավվածություն ունի՝ տարածաշրջանային խաղաղության պահպանման մասով:
«Մենք բարձր ենք գնահատում նաև Միացյալ Նահանգների տնտեսական և ֆինանսական աջակցությունը, որն էականորեն նպաստել է մեր անկախության առաջին տարիներին սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացմանը: Վստահ ենք, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսության հարթակը համագործակցության օրակարգն ընդլայնելու և խորացնելու նոր հնարավորություններ է պարունակում»,- ասաց Մնացականյանը:
Նախարարը նշեց, որ նաև Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմքով զարգացող գործակցության համար կարևոր նշանակություն ունի քաղաքական երկխոսությունը, Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և պետական կառույցներին տրամադրվող ոլորտային համագործակցության աջակցումը:
Նախարարը նաև հավելեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շրջանակում ընդգծվում է նաև հարևան երկրներից Վրաստանի և Իրանի հետ համագործակցությունները: Իսկ համաշխարհային փոփոխությունների հետ համընթաց առանձնահատուկ կարևորություն է ստանում Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը:
«Հայաստանը պատրաստակամ է դիտարկել գլոբալ ենթակառուցվածքային ծրագրերի ներգրավվածությունը՝ ելնելով մեր ազգային և տարածաշրջանային օրակարգից»,-հավելեց նա:

















































