Արարատի մարզում երեխաների համար քաղաք է կառուցվելու
ՀՀ կառավարությունը որոշում կայացրել «Երեխաների քաղաք» նախագծի իրականացման նպատակով Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում անհատույց հողատարածքներ տրամադրել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով:
Ինչպես հայտնում են Արարատի մարզպետարանի կայքից, նախագծի համաձայն՝ վերոնշյալ համայնքների տարածքներում նախատեսվում է կառուցել քաղաք, որտեղ կիրականացվեն երեխաների խնամքին, առողջության պահպանմանը, դաստիարակությանը և զարգացմանը, կրթական ծառայությունների արդյունավետ կազմակերպմանն ուղղված ծրագրեր:
Այդ քաղաքում ապահով օթևան կգտնեն հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով շուրջ 600 երեխա և երիտասարդ՝ իրենց ընտանիքների հետ, իսկ միջնորդավորված շահառուներ կարող են լինել մոտ 8000 մարդ՝ Հայաստանի այլ մարզերից և մայրաքաղաքից: Բանիմաց ու փորձառու մասնագետները փոքրիկ բնակիչներին կշրջապատեն առավելագույն ջերմությամբ և հոգատարությամբ, կցուցաբերեն անհատական վերաբերմունք ու մոտեցում:
«Երեխաների քաղաք» նախագծի հիմքում իրական՝ «մեծերի» քաղաքի մոդելն է՝ իրեն բնորոշ ենթակառուցվածքներով՝ մանկապարտեզ, միջնակարգ և ավագ դպրոցներ, հիվանդանոց, մարզահամալիր և այլ հաստատություններ՝ հարմարեցված շարժողական խնդիրներ ունեցողների ազատ տեղաշարժման համար:
Իր տեսակով յուրօրինակ այս քաղաքի բնակիչները հնարավորություն կունենան մասնագիտություններ ձեռք բերել, տիրապետել արհեստների, յուրացնել համակարգչային հմտություններ և ստացած գիտելիքներն ու փորձը կիրառել այնտեղ գործող արհեստագործական և գյուղատնտեսական մթերքների վերամշակման արտադրամասերում, հյուրատանը, ռեստորանում և այլ հաստատություններում:
Մանուկների համար նախատեսված հատուկ «քաղաքների» կառուցումը աշխարհում ընդունված պրակտիկա է, որն առաջին անգամ կիրառվել է Իտալիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Հայաստանում նախագիծն իրականություն կդառնա «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի անմիջական աջակցությամբ:
«Երեխաները մեր ձեռքբերումների ժառանգորդն ու անմիջական շարունակողն են, մեր երկրի ապագան: Մենք պարտավոր ենք անել հնարավոր ամեն բան՝ ապահովելու նրանց անհոգ մանկությունը և երջանիկ, հարմարավետ ու ապահով ապրելու իրավունքը; «Կարիտաս» բարեսիրական ընկերության հետ համատեղ մեր բոլոր ուժերն ու ջանքերը կենտրոնացրեցինք նախագիծը կյանքի կոչելու համար: Քննարկումների արդյունքում ընտրեցինք 2 հարմար հողատարածք Շահումյան և Տափերական համայնքներում և նախագիծը ներկայացրեցինք նախարարների խորհրդի նիստին, որից հետո այն կառավարության կողմից հավանության արժանացավ», - ներկայացնելով նախագծի մանրամասները՝ պատմել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Մարզպետի խոսքով՝ Արարատի մարզի երեխաների համար այդօրինակ համալիրի կառուցումը կնպաստի մանկական աղքատության կրճատմանը, սոցիալապես անապահով երեխաների զարգացմանը, կրթության ապահովմանը, ինքնադրսևորմանը, ներառմանը հասարակությունում:
«Երեխաների քաղաքի» կառուցման աշխատանքները կմեկնարկեն արդեն այս տարվա աշնանը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում