Գործարարին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. Նոր հարված գյուղմթերումներին
Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ «Սամ-Հար» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար։ Նշենք, որ «Սամ-Հար» ընկերությունը ներկայանում է «Սիփան» ապրանքանիշով ու զբաղվում նաեւ գյուղմթերումներով, պատրաստում տնական կոմպոտ։ Այն ունի մոտ 120 աշխատատեղ։
Ներկայումս ընկերության մթերումների բուռն շրջանն է, եւ տնօրենի նկատմամբ սկսված հետապնդումները աշխատակիցների շրջանում սկսել է մտահոգություն առաջացնել։
Նկատենք, որ տնօրենը՝ Ռոբերտ Մանուկյանը՝ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի եղբայրն է, որի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մելիք Մանուկյանի նկատմամբ կատարված սպանության փորձից հետո։
Պայթյունի եղանակով միջպետական ճանապարհին եղբոր նկատմամբ կատարված սպանության փորձից հետո, նախնական քննության տվյալներով, նրա դրդչությամբ վարորդը դեպքի վայրից հեռացրել է ավտոմեքենան։ Քննության խոչընդոտելու եւ ոստիկաններին դիմադրություն ցույց տալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ոչ միայն վարորդին է մեղադրանք առաջադրվել, այլ նաեւ ՍՊԸ-ի տնօրենին։
Ընդ որում՝ դեպքից հետո առանց որեւէ ծանուցագրի բերման ենթարկելու որոշման՝ ոստիկանները գնացել են գործարարի տուն ու նրան հրավիրել ոստիկանություն, սակայն Ռ.Մանուկյանը, օգտվելով իր իրավունքից, հրաժարվել է առանց ծանուցագրի գնալ ոստիկանություն, ինչից հետո նրան հարկադիր տեղափոխել են ոստիկանություն, որտեղ նրա նկատմամբ բռնություն է գործադրվել։ Այն, որ Ռ.Մանուկյանին ոստիկանություն բաժին տեղափոխելը եղել է առանց որեւէ հիմքի, ինչպես արդեն նշել ենք, փաստել է նաեւ Կոտայքի մարզի դատարանը՝ նրա ձերբակալությունը որակելով որպես ոչ իրավաչափ ու նրան ազատելով արգելանքից։ «Դատարանում քննիչի կողմից տրված պարզաբանումներով հիմնավորվել է, որ գործը վարույթ ընդունելուց քննիչի կողմից որեւէ հանձնարարություն չի տրվել կասկածյալին վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու համար, գործում չկա բերման ենթարկելու մասին որոշում կամ ծանուցագիր»,- արձանագրել էր դատարանը։
Դատական նման ակտի առկայության պայմաններում՝ քննիչը ոստիկանի պահանջը համարել է օրինական ու որոշել գործարարին մեղադրանք առաջադրել ոստիկանին դիմադրություն ցույց տալու համար։ Այլ խոսքով՝ եթե վաղը որեւէ ոստիկանի մտքով անցնի որեւէ քաղաքացու առանց բերման ենթարկելու որոշման կամ ծանուցագրի տանել ոստիկանություն՝ քաղաքացին պետք է մոռանա քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված իրավունքների մասին եւ ենթարկվի այդ կամայականությանը, հակառակ պարագայում կարող է կալանավորվել։
Ավելին՝ ամեն պատեհ-անպատեհ առիթով դատախազությունն ու քննչական մարմինները հայտարարում են, թե այլեւս հազվադեպ են կիրառում կալանավորումը, բայց դե գործարարների նկատմամբ վերաբերմունքը միշտ էլ ընտրովի է եղել։ Մի դեպքում՝ հարկային պարտավորությունների համար գյուղատնտեսական աշխատանքների բուռն շրջանում կալանավորում են մթերումներով զբաղվող խոշորագույն կազմակերպության՝ «Սպայկա»-ի, սեփականատիրոջը՝ կաթվածահար անելով ամբողջ աշխատանքը, մյուս դեպքում՝ թիրախավորում դատարանի կողմից հաստատված անօրինական պահանջին չենթարկվող գործարարին՝ կրկին հարվածի տակ դնելով մթերումների կազմակերպումն ու մոտ 100 աշխատատեղ ունեցող ընկերության գործունեությունը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով