Արգիշտի Քյարամյանը չի հերքում, որ վարչության պետ է նշանակել սանիկին
Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը չի հերքում, որ վարչության պետի տեղակալ է նշանակել իր սանիկին՝ Արթուր Նահապետյանին: Սակայն նա Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Նահապետյանը դեռևս ժամանակավոր պաշտոնակատար է:
«Ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նահապետյան Արթուրը, բայց առաջիկայում կլինի մրցույթ, որին բոլորը՝ այդ թվում նաև լրատվամիջոցները, կարող են գալ ու ներկա գտնվել ՝ հասկանալու, թե ով կհաղթի»,- շարունակեց նա:
Ինչ վերաբերում է ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակից Կարո Ղուկասյանին աշխատանքից հեռացնելուն, Քյարամյանը շեշտեց, որ աշխատանքից ազատման հիմքում կառուցվածքային փոփոխություններն են:
«Լրատվության բաժինը վերակազմավորվել ու միացել է իրավաբանական բաժին, իսկ իրավաբանական բաժինը դարձել է վարչություն»,- մանրամասնեց Քյարամյանը:
Վերջինիս խոսքով՝ ՊՎԾ-ում շուտով ամբողջ անձնակազմի համար է մրցույթ լինելու՝ տարբեր հաստիքների համար:
«Բոլոր մրցույթները, հատկապես Արթուր Նահապետյանի հաստիքի համար մրցույթը, բաց է լինելու»,- եզրափակեց Արգիշտի Քյարամյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակից Կարո Ղուկասյանն իր աշխատանքից ազատվելու մասին գրառում էր արել: Նա նաև գրել էր, որ Պետական վերահսկողության ծառայությունում նշանակվում են իրենց ծանոթները:

















































