ՀՀ ԶՈւ տանկիստները 3-րդ տեղն են գրավել տանկային բիաթլոնի առաջին մրցելույթում
Ռուսաստանում անցկացվող «Տանկային բիաթլոն» միջազգային մրցույթի առաջին մրցելույթի արդյունքում Հայաստանի տանկիստները 4 պետությունների տանկիստների պայքարում գրավել են երրորդ տեղը։ Խոսքը Հայաստանի 3 անձնակազմերից միայն մեկի մրցելույթի մասին է։
Երեկ տեղի ունեցած մրցելույթի արդյունքների վերջնական ամփոփման արդյունքում պարզ է դարձել, որ 4 երկրների տանկիստները արգելագոտին հաղթահարել են հետևյալ ժամանակում․
Ռուսաստան – 18 րոպե 55 վայրկյան (սա պատմական ռեկորդ է),
Ղրղըզստան – 25 րոպե 37 վայրկյան,
Հայաստան – 29 րոպե 43 վայրկյան,
Իրան – 38 րոպե 32 վայրկյան։
Հայաստանցի տանկիստների հապաղումը պայմանավորված է մասնավորապես չխոցած թիրախներով։ 5 թիրախից հայերը խոցել են 3-ը, ինչի հետևանքով ստիպված են եղել հաղթահարել հավելյալ տուգանային շրջաններ։
Ռուսաստանի տանկիստները, որ մշտապես մարզվում են այդ զորավարժարանում, խոցել են բոլոր 5 թիրախները, իրանցիները չեն խոցել ոչ մեկը։ Իսկ Ղրղըզստանի տանկիստները փոքր-ինչ ավելի լավ արդյունք են գրանցել՝ շեղ են կրակել ընդամենը մեկ անգամ։
Այս մրցաշարին դեռ ելույթ են ունենալու նաև հայկական մյուս 2 անձնակազմերը։ Բոլոր 24 երկրների 3-ական անձնակազմերի ելույթներից հետո որոշվելու են մյուս փուլ անցնող երկրները։


















































