0-18 տարեկանները նախկինում էլ անվճար էին բուժվում. Արարատ ԲԿ-ի տնօրեն
Ժողովրդի մոտ այնպիսի տպավորություն է, որ մի ստվար զանգված անցել է անվճար բուժման, մինչդեռ 0-18 տարեկան երեխաները նախկինում էլ իրենց ախտորոշումներով անվճար էին բուժվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արարատ ԲԿ-ի տնօրեն Արայիկ Սարդարյանը՝ անդրադառնալով մինչև 18 տարեկան երեխաների անվճար բուժմանը:
«Նախկինում էլ, եթե 16-17 տարեկան երեխան գալիս էր հիվանդանոց, օրինակ, սուր ապենդիցիտով (կույր աղու որդանման ելունի բորբոքում) նա կրկին պետպատվերով անվճար բուժում էր ստանում: Այնպես չէ, որ շատ էին տուժողները և հիմա անվճար բուժում ստացողներն ավելացան: Անցյալ տարի վճարովի բուժվել է 7-18 տարեկան ընդամենը 10 երեխա, այն էլ` օրավճարով: Ամբողջ տարին 10 երեխա չի դիմել հիվանդանոց, չէ՞: Նրանք 100-ով են եղել, իսկ հիմա՝ նախորդ ամսվա սկզբից, այդ 10-ն էլ անվճար են»,- ասաց նա:
Հարցին՝ փաստորեն նախկինում էլ էին երեխաներն անվճար բուժվում, նա պատասխանեց. «Բավականին շատ երեխաներ անվճար բուժվում էին»:
Արայիկ Սարդարյանի խոսքով՝ հիմա էլ երեխաների անվճար բուժվելու համար տեղամասային բժշկի կողմից ուղեգիրը պարտադիր է, որովհետև պետպատվերի հիմքն ուղեգիրն է:
Նա նշեց՝ բացի կոսմետոլոգիական վիրահատություններից մնացած վիրահատություններն արվում են անվճար:
Հարցին՝ այնպիսի հիվանդություններ չկա՞ն, որ անվճար չբուժվեն երեխաների համար, նա պատասխանեց. «Կան հիվանդություններ, որոնք չեն բուժվում, չեն վիրահատվում՝ հիվանդանոցի հնարավորություններից ելնելով: Ես մեր հիվանդանոցի օրինակով ասեմ՝ մեզ մոտ, օրինակ, ուռուցքային վիրահատություններ չեն կատարվում, որովհետև դրա համար այլ մասնագիտացված կլինիկա է պետք: Ըստ հիվանդանոցի հնարավորությունների՝ 0-18 տարեկանների պետպատվերի ուղեգրով յուրաքանչյուրն էլ իրավասու է ստանալ, միանշանակ, պետպատվերով անվճար բուժում»,- ասաց նա և հավելեց.
«Նախկինում 0-7 տարեկաններն անվճար էին բուժվում, բայց 7-18 տարեկանների դեպքում էլ, հիմնականում, 90 տոկոսն անվճար էր՝ ըստ հիվանդության ախտորոշումների: Կար հիվանդությունների ցանկ, որոնք այդ տարիքի երեխաների համար կրկին անվճար էր իրականացվում, բայց հիմա այդ ցանկն էլ չկա»:

















































