Շիրմաքարեր պղծելու կասկածանքով բերման ենթարկված կինը ազատ է արձակվել. ոստիկանություն
Եռաբլուրում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարեր պղծելու կասկածանքով բերման ենթարկված 51–ամյա կինը համապատասխան բացատրություն տալուց հետո ստորագրությամբ ազատ է արձակվել։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում «Եռաբլուրում պղծել են հերոսների շիրիմները» վերտառությամբ տեսանյութ էր տարածվել, ուր երևում է, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «ապրիլյան պատերազմի» հերոսների շիրմաքարերին ինչ-որ նյութից առաջացած հետքեր կան։
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները կարճ ժամանակում բացահայտելու ուղղությամբ։
Ավելի ուշ ոստիկանությունը հայտնեց, որ Աշտարակի ոստիկանները տեղեկություններ ստացան, որ Աշտարակի գերեզմաններում մի կին տարօրինակ վարքագիծ է դրսևորում և ինչ-որ գործողություններ կատարում շիրմաքարերի մոտ։
Նա հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին։ Երևանի բնակիչ, 51-ամյա կնոջ հայտնածով՝ այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար։ Կինը հայտնել է նաև, որ նմանատիպ գործողություններ կատարել է «Եռաբլուրում» և այլ գերեզմանոցներում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

















































