Ոստիկանապետի հանձնարարությամբ ուսումասիրվում է Եռաբլուրում կատարվածը
Ոստիկանություն ուսումնասիրում է Եռաբլուր զինվորական պանթեոնում Ապրիլյանի պատերազմի մասնակից հերոսների շիրմաքարերը պղծելու վերաբերյալ լուրերը:
Այս մասին, Tert.am-ի հարցին, թե ոստիկանությունում ընթացք տրվե՞լ է հրապարակված տեսանյութերին, հայտնեց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
«ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը, որպեսզի ուսումնասիրություններ կատարեն և պարզեն կատարվածը»,-ասաց Ջանոյանը:
Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են անհայտ անձինք պղծել Եռաբլուր պանթեոնի շիրիմները։
Ավելի վաղ նման դեպքեր տեղի էին ունեցել նախ Նուբարաշենի, ապա Չարենցավանի գերեզմանատանը։
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում դեպքի առթիվ գրառում էր կատարել՝ նշելով, որ այնտեղ հավանաբար, սատանայապաշտական ծեսեր են իրականացրել։

















































