Դիմակավորված անձինք փորձել են թալանել «ԳՈՒՇ» ՍՊԸ-ի տնօրենի տունը, վերջինս կրակոցներ է արձակել
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 26-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 05։50-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Տիչինայի փողոցի տներից մեկի բնակչից, ով հայտնել է, որ իրենց տուն գող է մտել, որից հետո նա դիմել է փախուստի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 04։20-04։30-ն ընկած ժամանակահատվածում դիմակավորված 2 անձ, տեխնիկական միջոցների գործադրմամբ, նշված տան հյուրասենյակի պատուհանը բացել են և մտել ներս։
Բնակարանատեր՝ 52-ամյա Էդուարդ Մելքոնյանն այդ պահին իր անվամբ հաշվառված ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո արձակված կրակոցների ձայները լսելով դիմակավորված անձինք դիմել են փախուստի։
Հանցագործույթունը կատարելու կասկածանքով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ 25-ամյա մի քաղաքացու, ով ներկայացվել է Աջափնկյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին և քննիչի որոշմամբ՝ ձերբակալվել է։ Կայքի տեղեկություններով Է․ Մելքոնյանն աշխատում է «ԳՈՒՇ» ՍՊԸ-ի տնօրեն։

















































