Չեմ պատրաստվում խզել հարաբերությունները ՀՀԿ–ական գործընկներներիս հետ. Վայոց Ձորի մարզպետ
Վայոց Ձորի մարզպետը հավաստիացնում է, որ մինչև հաջորդ տարի խնձորուտցիները հիմնանորագված ավտոճանապարհ կունենան, միաժամանակ հերքում է խոսակցությունները, թե իր ազգականներին պաշտոններ է շռայլել։
2020 թվականին ամբողջությամբ հիմնանորոգված կլինի Խնձորուտ համայնքի մոտ 14 կմ երկարությամբ ավտոճանապարհը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը։
«Համայնքներում դժվարությամբ ենք աշխատող գտնում, քանի որ մարդիկ հետ են վարժվել և չեն ցանկանում աշխատել»,- ասաց նա։
Մարզպետն անդրադարձավ նաև Հանրապետական կուսակցության անդամների հետ ունեցած հարաբերությունների մասին շրջանառվող խոսակցություններին։ Նա նշեց, որ չի պատրաստվում անհիմն մեղադրանքների պատճառով խզել իր հարաբերությունները նրանց հետ։
«Խտրականություն չեմ դնում կուսակցական պատկանելիություն ունեցողների միջև»,- ասաց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է քննադատությանը, թե իր ազգականներին նշանակել է տարբեր պաշտոններում, մարզպետը հակադարձեց, որ դա բացարձակ սուտ է։

















































