Հայաստանի 45-69 տարեկան բնակչության շրջանում ֆիզիկական թերակտիվության տարածվածությունը կազմում է 28.6%
Ըստ վիճակագրության՝ Հայաստանի 45-69 տարեկան բնակչության շրջանում ֆիզիկական թերակտիվության տարածվածությունը կազմում է 28.6%, հատկապես` տղամարդկանց շրջանում: Ինչպես հայտնում է Առողջապահության նախարարությունը, այդ տոկոսն աճում է տարիքի ավելացման հետ:
Ֆիզիկական թերակտիվությունը ճարպակալման զարգացման հիմնական ռիսկի գործոնն է, որն իր հերթին նպաստում է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների (սրտանոթային հիվանդություններ, 2-րդ տիպի շաքարային դիաբետ և չարորակ նորագոյացություններ) զարգացմանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ շաբաթական 150 րոպե (օրական 30 րոպե) տևողությամբ չափավոր ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է վաղաժամ մահացության, սրտի իշեմիկ հիվանդության, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, ինսուլտի, արյան գերճնշման և դեպրեսիայի զարգացման ռիսկը, իսկ շաբաթական 150-300 րոպե (օրական 30-60 րոպե) տևողությամբ՝ նվազեցնում է հաստ աղու, կրծքագեղձի քաղցկեղի և ավելորդ քաշի զարգացման ռիսկը:

















































