Արագածոտնի նախկին մարզպետին մեղադրանք է առաջադրվել
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Արագածոտնի մարզի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ և 314-րդ հոդվածներով։ Մասնավորապես, նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
Ըստ մեղադրանքի՝ Սարգիս Սահակյանը, զբաղեցնելով Արագածոտնի մարզպետի պաշտոնը և հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի ջրագծի կառուցման նպատակով Արագածոտնի մարզպետարանի և Գրէդշին ՍՊԸ-ի միջև կնքված կապալային պայմանագրով նախատեսված աշխատանքները թերի և չկատարված լինելու պայմաններում՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաև` հաստատել և շրջանառության մեջ է դրել նշված աշխատանքների վերաբերյալ ավարտական ակտը, ինչի արդյունքում էական վնաս է հասցրել պետության օրինական շահերին։
Նշենք, որ Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































