4 պարզ սովորություն, որոնք ձեզ ավելի առողջ կդարձնեն
Առողջ կենսակերպին ուղղված քայլ կատարելն այնքան էլ դժվար չէ, որքան ոմանց թվում է: Ձեզ ենք ներկայացնում մի քանի պարզ, բայց օգտակար սովորություններ, որոնք կօգնեն բարելավել ձեր ինքնազգացողությունը եւ ձեզ ավելի առողջ կդարձնեն:
Սնունդի օրագրի վարումը
Մասնագետներից շատերի կարծիքով՝ սնունդի օրագիր վարելը միանգամայն օգտակար սովորություն է, որն օգնում է ավելի գիտակցված սնվել եւ չգերհագենալ: Ավելորդ քաշ ունեցող շատերը նույնիսկ մոտավոր պատկերացում չունեն, թե իրենք օրվա ընթացքում որքան կալորիա են օգտագործում, այդ թվում՝ «փուչ» կալորիաներ: Եթե նման մարդիկ սկսում են սնունդի օրագիր վարել, նրանք կերածը վերլուծելու եւ սննդակարգը կարգավորելու հնարավորություն են ստանում: Իսկ սա ավելորդ քաշից ազատվելու եւ առողջական վիճակի բարելավման ճանապարհն է:
Օրվա ընթացքում ջուր խմելը
Եվս մի կարեւոր սովորություն է հետը միշտ ջրի շիշ ունենալը: Բավարար քանակով ջուր խմելը օգնում է օրգանիզմից դուրս բերել կուտակված վնասակար կամ տոքսիկ միացությունները, նաեւ կառավարել սովի զգացումը:
Ֆիզիկական ակտիվությունը
Առողջության պահպանման համար օգտակար է նաեւ ֆիզիկական ակտիվությունը: Եթե նույնիսկ մարզադահլիճ գնալ չեք կարող՝ դժբախտություն չէ, ջանացեք պարզապես նստած կամ պառկած շատ ժամանակ չանցկացնել, պարբերաբար զբոսնեք թարմ օդում եւ ձեզ վարժեցնեք ազատ րոպե հայտնվելուն պես ոչ բարդ վարժություններ կատարելուն:
Քնելուց առաջ էլեկտրոնային սարքերից հրաժարվելը
Խորհուրդ չի տրվում քնել պատրաստվելուց առաջ էլեկտրոնային սարքերից օգտվել, քանի որ դրանց էկրանից արտացոլվող լույսը վատացնում է քնի որակը: Իսկ վատ քունը մարդուն ավելի ջղային է դարձնում, խանգարում է օրվա ընթացքում կենտրոնանալուն եւ նպաստում է ավելորդ քաշ հավաքելուն: