«Բելառուսը միշտ պատրաստ է ձեր առաջ բացելու դռները». Արմեն Սարգսյանը Մինսկում հանդիպել է Լուկաշենկոյի հետ
Մինսկում այսօր կայացել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։
Հայաստանի հետ բացարձակապես փակ թեմաներ չկան, հանդիպման ընթացքում ասել է Լուկաշենկոն՝ հավելելով՝ Բելառուսը միշտ պատրաստ է Հայաստանի առաջ բացելու դռները։
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Լուկաշենկոն տեղեկացրել է, որ մինչ հանդիպումը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Նա զանգահարել էր ինձ՝ Սինգապուր այցից առաջ և խնդրեց առաջին հերթին ողջույնները փոխանցել նախագահին, ինչին ի պատասխան ես ասացի, որ մենք մտադիր չենք նրան շտապեցնել վերադառնալ Հայաստան, հատկապես որ նա զբաղված է Հայաստանի համար կարևոր գործով», - ասել է Բելառուսի նախագահը։
Խոսելով երկու երկրների համագործակցության մասին՝ նախագահ Լուկաշենկոն ասել է. - «Այսօր մենք թեպետ մեծ ապրանքաշրջանառություն չունենք, սակայն տարեկան 50 մլն ԱՄՆ դոլարը վատ դինամիկա չէ, եթե այն համեմատենք նախկին ցուցանիշների հետ։ Գագիկ Ծառուկյանի ընկերության հետ մենք կազմակերպել ենք հայ-բելառուսական առևտրի տան աշխատանքը, և ինչպես ինձ զեկուցել են, Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության 30-40 տոկոսն իրականացվում է դրա միջոցով: Այսինքն, մենք արդեն ստեղծել ենք համատեղ ձեռնարկություններ ու պատրաստ ենք շարունակել ընթանալ այս ճանապարհով»։
Բելառուսի նախագահը նշել է՝ Հայաստանն ու Բելառուսը դաշնակիցներ են, գործում են նույն դիրքերից, ըստ էության, անգամ միջազգային օրակարգում տարբերվող տեսակետներ չունեն։
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նշանակալի իրադարձությանը՝ Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը մասնակցելու հրավերի համար և նշել.
«Մեծապես տպավորված եմ թե՛ միջոցառման մասշտաբներով, թե՛ կազմակերպվածությամբ ու կարգապահությամբ: Նախկին խորհրդային տարածքում Բելառուսը շարունակում է հստակ ուղղություններով համարվել չեմպիոն։ Այն, ինչ տեսա՝ կազմակերպվածությունը, կարգապահությունը, տպավորիչ է: Ինձ շատ դուր եկավ այն, որ Բելառուսը շատ երկրներից առաջ է նրանով, որ այստեղ հասկացել են, որ ապագայում՝ 21-րդ դարում իրականությունն ու վիրտուալ իրականությունն իրար փոխլրացնելու են: Դուք ունեք տեսլական ու իմաստնություն՝ նայելու դեպի ապագան: Առանց ապագայի տեսլականի դժվար է ներկան կառուցել», - մասնավորապես ասել է Արմեն Սարգսյանը։
Հանդիպման ավարտին նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին և Բելառուսի ողջ ժողովրդին հուլիսի 3-ին նշվող Ազգային տոնի՝ Բելառուսի Անկախության օրվա առթիվ և ֆաշիզմից ազատագրման 75-ամյակի առթիվ։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում