Թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենը պատրաստվում է 14 մլն․ դրամով մարդատար մեքենա գնել պոլիկլինիկայի հաշվին
Դեռեւս մեկ տարի առաջ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ բավարար ապացույցների համակցությամբ՝ «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական լիազորություններն առերևույթ անցնելու հատկանիշներով։
168.am–ը Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանին հարցրել է, թե ի՞նչ ընթացքում է Սամվել Սարգսյանի կատարած չարաշահումների դեպքերով հարուցված քրեական գործը։
«Նախաքննությունը շարունակվում է. այս պահին սպասում ենք փորձաքննությունների եզրակացությանը։ Դրանք կատարում է Առողջապահության նախարարությանը ենթակա ՊՈԱԿ-ը։ Մենք դրանց հետ առնչություններ չունենք»,- ասել է ՔԿ խոսնակը։
Հարցին, թե քրեական գործը մեկ տարի առաջ է հարուցվել, մինչև այժմ նախաքննությո՞ւն է ընթանում, Նաիրա Հարությունյանն ասել է, որ պոլիկլինիկաների չարաշահումների բազմաթիվ դեպքեր կան, աշխատանքների ծավալը հսկայական է, և դա է պատճառը, որ նախաքննությունը երկարում է։
Լրատվամիջոցը հայտնում է, որ չնայած այս ամենին՝ Հայաստանում համայնքապատկան պոլիկլինիկայի տնօրենը 14 մլն 200 հազար դրամ կամ մոտ 30 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար արժողությամբ մեքենա է գնում պոլիկլինիկայի միջոցներով, իսկ դեղերը ձեռք է բերում 30% և 50% զեղչ լինելու պայմաններում։
Մեքենայի տեխնիկական բնութագրերից դատելով՝ այն հիվանդ տեղափոխելու համար չէ, և շատ հետաքրքիր է, թե 2․4 լ շարժիչով, քսենոնային լուսարձակներով մեքենան ի՞նչ կարիքի համար է ձեռք բերվում պոլիկլինիկայի միջոցներով։
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա մայիսի 29-ին Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները լրագրողների ուղեկցությամբ մի խումբ աշխատակիցներից ստացած բողոքների հետքերով այցելել էին Երևանի թիվ 19 պոլիկլինիկա՝ տեղում խնդիրները հասկանալու համար։ Ըստ բողոքների՝ պոլիկլինիկայի տնօրինությունը բուժանձնակազմի աշխատավարձերից անհասկանալի «պահումներ» էր կատարում՝ կոմունալները վճարելու համար: Բացի այս, պոլիկլինիկայի մամոգրաֆիայի սարքավորումը չէր աշխատում, սակայն ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը ցուցադրել էր ՀԴՄ կտրոններ, որոնք փաստում են՝ 10 հազար դրամ վճարում է կատարվել մամոգրաֆիայի համար: Մինչդեռ, Դավիթ Խաժակյանը պնդել էր՝ «Այս սարքը երբևէ չի աշխատել»։
Պոլիկլինիկայում հայտնաբերված չարաշահումների դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել՝ թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենի կողմից պաշտոնական լիազորություններն առերևույթ անցնելու վերաբերյալ: Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տարիներ շարունակ պոլիկլինիկայի բուժաշխատողների աշխատավարձերից կատարվել են պահումներ՝ 10 000-20 000 ՀՀ դրամի սահմաններում: Բացի այդ, պարզվել է նաև, որ մտացածին անձանց անուններով կատարվել են «մամոգրաֆիա» հետազոտության վերաբերյալ վճարումներ՝ 10 000 դրամի չափով, այն դեպքում, երբ նշված սարքն ընդհանրապես չի աշխատել, չի շահագործվել: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում