Հարցն արդեն համապատասխան կառույցում բարձրացված է. Մնացականյանը՝ Ադրբեջանի կողմից առանց հայտարարելու զորավարժություններ սկսելու մասին
Առանց հայտարարելու Ադրբեջանի կողմից զորավարժություններ սկսելն արդյոք դեմարշ չէ՞ր։ Այսօր ԱԺ-ում 2018 թ.-ի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին նման հարց ուղղեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
«Ադրբեջանի՝ առանց հայտարարելու սկսած զորավարժություններն արդյոք դեմարշ չե՞ն: Ոչ թե ՀՀ կամ ԼՂՀ նկատմամբ, այլ միջազգային հանրության և մի շարք միջազգային կազմակերպությունների նկատմամբ։ Չե՞ք պատրաստվում դիմել ՄԱԿ-ի խորհրդին Ադրբեջանի դոսյեն այս մասով վերանայելու համար»,- հետաքրքրվեց Ուրիխանյանը։
Ի պատասխան՝ Զոհրաբ Մնացականյանը շեշտեց, թե այս մտահոգությունը տեղավորվում է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունության շրջանակի մեջ։
«Յուրաքանչյուր հարց իր ձևաչափերն ու կոնկրետ հարթակներն ունի։ Այս հարցում ձևաչափն ու հարթակը ԵԱՀԿ-ն է և դրա շրջանակներում հարցն արդեն բարձրացված է՝ համապատասխան գործիքներ օգտագործելու համար»,-պատասխանեց Զոհրաբ Մնացականյանը։

















































