Սա իմ անձնական դուքյանը չի․ Մնացականյանը՝ ԱԳՆ-ում կադրերի նշանակման մասին
Արտաքին գործերի նախարարությունում մշտապես բախվում ենք կադրային խնդրի հետ։ Այժմ քննարկվում է տարբերակ, որով դիվանագիտական ծառայության մեջ մտնողները պետք է զրկվեն սոցցանցերում քաղաքական հայտարարություններ անելուց։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցերին պատասխանելիս ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նրա խոսքով՝ դիվանագիտական ծառայողը պետք է ընտրություն կատարի քաղաքական գործունեության և դիվանագիտական կարգապահության միջև։ Մնացականյանն ասաց, որ ինքը նույնպես ժամանակին կատարել է իր ընտրությունը։ Իսկ մարդիկ, որ հիմա քաղաքական կամ թեկուզ սոցիալական պատճառներով լքում են իրենց համակարգը, կորուստ են իրենց համար, որովհետև այդ պրոֆեսիոնալներին պատրաստելու համար պետությունը փող է ծախսում։
Ինչ վերաբերում է նախկինում համակարգից դուրս եկածներին, Մնացականյանն ասաց․
«Գոյություն ունեն կանոնակարգեր, օրենք, և սա իմ անձնական դուքյանը չէ կամ սա ինչ-որ մասնավոր ծառայություն չէ, որ ասի՝ դե սենց եմ որոշում կամ նենց եմ որոշում», – ասաց Մնացականյանը։

















































