Կան մարդիկ, ովքեր փորձում են ինքնահաստատվել. Օսիպյանը՝ սևազգեստ խմբերի մասին
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ քաղաքում սաբոտաժ անող սևազգեստ խմբերին:
Նա նշեց, որ համակարծիք է վարչապետի այն տեսակետի հետ, թե կան մարդիկ, ովքեր փորձում են ինքնահաստատվել, դրանով ցույց տալ, որ իրենք ամեն ինչ կարող են ՀՀ-ում։ «Վստահեցնում եմ՝ դա ընդամենն իրենց կարծիքն է, և եթե այդպիսիք լինեն, կարժանանան ոստիկանության և իրավապահ մարմինների կոշտ, օրենքի սահմաններում միջամտությանը», - ընդգծեց ոստիկանապետը։
Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, թե օպերատիվ տվյալներ ունեն, որ սևազգեստ խմբեր են ձևավորվել, որոնք քաղաքում փորձում են վախի մթնոլորտ ձևավորել, Օսիպյանն ասաց. «Որևէ վախենալու պահ չկա, մեր քաղաքացիներն ապահովված են, ՀՀ-ն ապահով երկրներից մեկն է։ Օպերատիվ տեղեկություններ են դրանք, հրապարակման ենթակա չեն»։
Նա նշեց նաև, թե իրենց համար կապ չունի՝ որ քաղաքական ուժից կլինեն վերոնշյալ մարդիկ։
Աղբյուրը՝ armdaily.am

















































