Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա ՀՀ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ-ի 344-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ դատավորին զրպարտելը, ինչը կատարվել է դատավորի նկատմամբ՝ կապված գործը կամ նյութերը դատարանում քննելու հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ հավելով, որ նախաքննություն է ընթանում:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մարտի 18-ին որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխել՝ Արցախի գործող ու նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ, որից հետո մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ որոշումը գրվել է դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու և Արշակ Վարդանյանի կողմից: Դրանից հետո Մխիթար Պապոյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ԱԱԾ:
Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին էլ լրագրողների հետ զրույցում հերքել էր՝ ընդգծելով, որ գուցե ինքը ինչ-որ անձանց խանգարում է, այդ պատճառով են նմանատիպ տեղեկություններ հրապարակում:

















































