Ջիվան Աբրահամյանի կողմից հնչեցված սպառնալիքների փաստով քրգործ դեռ չի հարուցվել
Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի կողմից հնչեցված սպառնալիքների փաստով ոստիկանությունում դեռ հետաքննություն է ընթանում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ոստիկանությունից։
«Ոստիկանությունը 10 օրվա ընթացքում կորոշի փաստի կապակցությամբ քրեական գործ հորուցել կամ չհարուցելու հարցը»,–պարզաբանեցին ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին, Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը Ազատության հրապարակում բռնության կոչերով էր հանդես եկել և հայտարարել, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։
Ջիվան Աբրահամյանը հաջորդ օրը բերման էր ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին Ազատության հրապարակում սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով։

















































