Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանն ուղերձ է հղել Հենրիխ Մխիթարյանին
Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Թահիր Թաղիզադեն վստահեցրել է, որ անձամբ է երաշխավորում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Մխիթարյանի անվտանգությունը մայիսի 29-ին Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի խաղարկության «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Ուրախ կլինեի, եթե Մխիթարյանն անձամբ խոսեր ինձ հետ: Եթե մեր նպատակը լիներ նրա շուրջ քաղաքական խաղեր խաղալը, դա այլ հարց է, բայց Հենրիխին վճարում են որպես ֆուտբոլիստի, ոչ թե որպես քաղաքական գործչի, ուստի եկեք մի կողմ թողնենք մնացած բոլոր հարցերը:
Ես ուղերձ ունեմ Մխիթարյանին: Այն այսպիսին է. դու ֆուտբոլիստ ես, ուզո՞ւմ ես ֆուտբոլ խաղալ, արի Բաքու, մենք կապահովենք քո անվտանգությունը: Բայց եթե ցանկանում ես այս թեմայի շուրջ «խաղեր» խաղալ, ապա դա այլ պատմություն է: Ես երաշխավորում եմ, որ ամեն բան կարվի` յուրաքանչյուր երկրպագուի, ֆուտբոլիստի և խաղին ներկա բոլոր մարդկանց անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Թաղիզադեն: