Մեզ ասում են՝ կան երկրներ, որ չարաշահում եմ ԵՄ-ի հետ վիզաների ազատական ռեժիմը, բայց դա բավարար փաստարկ չէ. ԱԳ նախարար
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը մեծ նշանակություն ունի, ինչը շատ սկզբունքային հարց է մեզ համար: Այս մասին Բրյուսելում Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Հարցին, թե այս երկու օրը իր հանդիպումների ժամանակ վիզաների ազատականացման հարցին անդրադարձե՞լ է, Մնացականյանը պատասխանեց. «Վիզաների ազատականացումը մեծ նշանակություն ունի, ինչը շատ սկզբունքային հարց է մեզ համար: Նորից լսեցիք՝ քննարկման ժամանակ մենք նորից անդրադարձանք:
Վիզաների ազատականացումը ոչ միակ, բայց այն կարեւորագույն գործիքն է, որը հնարավորություն է տալիս մեզ ամրապնդելու այն, ինչ կոչվում է մարդկային շփում: Սա միակ գործիքը չէ, մենք ուշադրություն ենք դարձնում եւ փորձում ենք զարգացնել բոլոր մյուս հնարավորությունները:
Խոսել եմ դրա մասին, որ կան տարբեր նկատառումներ, տարբեր հարցեր, որոնք վերաբերում են միգրացիայի հանդեպ վերաբերմունքին եւ քաղաքականությանը: Մեզ համար սա բավարար խոչընդոտ չէ, մենք չենք կարող դա ընդունել եւ ասել՝ շատ լավ, հարցը փակվեց։ Իհարկե չփակվեց, եւ մենք շարունակելու ենք շատ հետեւողականորեն տանել առաջ այն, որովհետեւ պնդում ենք, որ յուրաքանչյուրը գնահատվում է ըստ իր արժանիքների, ըստ իր կարողությունների։ Մենք շատ զգայուն ենք եւ որեւէ կերպ չենք գործելու այնպես, որպեսզի ստեղծենք նման հնարավորության՝ ազատականացված ռեժիմի չարաշահում։ Մենք չենք քաջալերում որեւէ բան, որը բերելու է խնդիրների: Հիմա մեզ ասում են, որ կան մյուս երկրները, որոնք օգտվում են ազատականացված ռեժիմից եւ չարաշահում են. մեզ համար դա բավարար փաստարկ չէ: Մենք ուզում ենք գնահատված լինել մեր արժանիքների, մեր կարողությունների համաձայն, եւ այդ առումով է, որ մեր բոլոր փորձագետները, մեր բոլոր համապատասխան գերատեսչությունները, որոնք առնչություն ունեն միգրացիայի հետ, շփման մեջ են եվրոպական համապատասխան փորձագետների հետ գնահատելու համար՝ որքանով ենք մեր կարողությունները զարգացած, որքանով են նրանք համապատասխանում չափանիշների, որպեսզի մենք կարողանանք սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը»:
Հարցին, թե արդյոք ազատականացման որեւէ հստակ ամսաթիվ կարող է նշել, ԱԳ նախարարը պատասխանեց. «Մեզ համար սա յուրաքանչյուր պահի հարց է: Եվ թե երբ կլինի՝ չեմ կարող ասել: Սա շարունակական է: Նորից եմ կրկնում՝ ամենակարեւորն այն է, որ մենք առիթ ունենանք գնահատելու՝ որքանով են մեր կարողությունները բավարար, որպեսզի մենք դա սկսենք։ Մենք վստահ ենք, որ բավարար առաջխաղացում ունենք այդ հարցում եւ այժմ, համադրելով այս ամենը եւ առաջ մղելով մեր օրակարգը, պետք է փորձենք արագացնել այս ամենը: Մեզ համար, նորից եմ կրկնում սա շատ սկզբունքային հարց է»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել